Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում է կայացրել շուրջ 42 հազար քառակուսի մետր տարածք վերադարձնել հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, հայկական համայնքին վերադարձված տարածքի մեջ է մտնում նաև Ստամբուլի Զեյթինբուրնուի մարզադաշտը:

 

Հայկական գույքը հիմնադրամին վերադարձնելու վերջնական որոշումը կայացվել է 2014 թվականի հունվարի 22-ին: Սակայն Զեյթինբուրնուի քաղաքապետարանը դատարանում բողոքարկել էր որոշումը' պատճառաբանելով, թե հայկական համայնքին տարածքը վերադարձնելու որոշումը հակաօրինական է: Այդուհանդերձ, դատարանը չի բավարարել Զեյթինբուրնուի քաղաքապետարանի հայցը' տարածքը թողնելով հայկական համայնքին:

 

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ ցանկանում են իրենց վերադարձված և 338 միլիոն թուրքական լիրա (մոտ 150 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ տարածքն օգտագործել ամենաարդյունավետ ձևով: Շիրինօղլուի խոսքով' այդ տարածքում ամենայն հավանականությամբ կկառուցվեն առևտրի կենտրոն, հյուրանոց կամ իջևանատուն, իսկ դրանցից ստացվող եկամուտը կօգտագործվի հիվանդանոցի և համայնքի կարիքները հոգալու համար: