ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 4% ով կամ 37 մլրդ դրամով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 865.4 մլրդ դրամ' 98%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.1%-ով կամ 65 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերից 80.9 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 97.6%-ը և 2.5%-ով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: 5.5 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին' 93.8%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը և 6.5%-ով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2012 թվականին պետական բյուջեից օգտագործվել է 204.8 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 98.3%-ը և 19.4% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը' հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում 40.2 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը' կազմելով տարեկան ծրագրի 92.5%-ը: Մասնավորապես' նշված գումարից 23.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 17 մլրդ դրամը' արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 14.1%-ով կամ շուրջ 5 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը' պայմանավորված ևԲ ներքին, ևԲ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով (համապատասխանաբար 2.5 մլրդ դրամով և 2.4 մլրդ դրամով):
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 21.1 մլրդ դրամի սուբսիդիաներ' կազմելով տարեկան ծրագրի 98.9%-ը և 6.8%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
112 մլրդ դրամ են կազմել 2012 թվականի պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 110.4 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.6 մլրդ դրամը' միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես' համայնքների բյուջեներին ամբողջությամբ տրամադրվել են նախատեսված 32.4 մլրդ դրամ դոտացիաները, որոնք նախորդ տարվա համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 99.4% ով, իսկ նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 12.7% ով կամ 12.6 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերի 33.4%-ը' 289 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը' ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով տարեկան ծրագրի 98.1% կատարողական: Մասնավորապես' 197.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 79.4 մլրդ դրամ' նպաստները: 12.1 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 10.1 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 12.7%-ով կամ 32.6 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 111.9 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին' կազմելով տարեկան ծրագրի 98.1% ը և 16%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2012 թվականի ընթացքում կազմել են 86.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 89.5% ը: Մասնավորապես՝ 89 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 90.6%-ով: Շուրջ 2.7 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից' 50.6% ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 24.5%-ով կամ 28.1 մլրդ դրամով' պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ: