ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Azernews-ի հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող քաղաքական գործընթացները կհանգեցնեն ցանկալի արդյունքի: Հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում միջնորդի դեր չի կատարում' Ապատուրայն ասել է. «Մենք աջակցում ենք Մինսկի գործընթացին: Միևնույն ժամանակ, մենք անհանգստացած ենք շփման գծում իրավիճակի վատացման առնչությամբ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենց կառույցը կարող է միայն նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչների, դիվանագետների և զինվորականների շփումների համար: «Ես հուսով եմ, որ նման շփումները դրական ազդեցություն կարող են ունենալ»,- ասել է նա՝ հավելելով, որ ուրախ էր տեսնել երկու երկրի նախագահների հանդիպումն Ուելսում' ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: