ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը և Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին' Էդուարդ Շարմազանովը կարև որել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը. զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացմանը և համագործակցության նոր հեռանկարներ կբացի: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումերին:
Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին' պարոն Շարմազանովը նշել է, որ միայն նման ոճրագործությությունների ճանաչումն ու դատապարտումը կարող է կանխել նման իրողությունների հետագա կրկնությունը: ԱԺ փոխնախագահը պատվիրակության անդամներին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Պատվիրակության անդամները ևս շեշտել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են խաղաղ լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: