Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ձգձգման պատճառն Ադրբեջանի վարած քաղաքականությունն է: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

«Տարբեր ատյատներում նշվում է, որ մենք բոլորս արագացման կողմնակից ենք, և բոլորն էլ փաստում են նաև այն, որ կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Արդրբեջանը, բայց եթե արմատական ուսումնասիրություններ ենք կատարում, պարզվում է, որ մեր ագրեսոր հարևանն ինքն է այդ ձգձման պատճառը, որովհետև հանդիպումներից անմիջապես հետո ռազմատենչ հայտարարություններ է անում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրական է գնահատում այն հանգամանքը, որ բանակցություններն ակտիվացել են՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները: Պատգամավորը նաև նկատում է, որ Սոչիում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն էլ որոշ չափով պակասել է, ինչը ևս կարելի է դրական համարել:

 

Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ վերջին շաբաթների ընթացքում սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած լարվածությունը մեկ նպատակ ուներ. Ալիևը ցանկանում էր հանդիպումից առաջ նման իրավիճակ ստեղծել և հետո իր մեթոդներով դա հայկական կողմին վերագրել, սակայն դա նրա մոտ չստացվեց: