Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' Վան կատարած այցն ու այնտեղ իրականացրած հանրահավաքն ուղեկցվել է բողոքի ցույցով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, նախագահի ելույթից առաջ միտինգի հրապարակում հավաքված շուրջ հարյուր ցուցարարիներից բաղկացած խումբն սկսել է հեղափոխական երգեր երգել: Դրան ի պատասխան' ոստիկանությունը հարձակվել է նրանց վրա և շատերին ձերբակալել է:

 

Ցուցարարների և իրավապահ մարմինների բախումից հետո ելույթ ունեցած Էրդողանը, խախտելով նախագահի անկողմնակալության երդումը, սկսել է ակնհայտորեն քարոզչություն իրականացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին' կոպիտ քննադատություն հնչեցնելով խորհրդարանական ընտրություններում հաղթելու հավանականություն ունեցող մյուս կուսակցությունների հասցեին:

 

Ելույթի ժամանակ շարունակ ձեռքում պահելով Ղուրանը՝ Էրդողանը քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության մասին խոսելիս նշել է, թե վերջինս փակել է մզկիթները, դրանք վաճառել է կամ վերածել ախոռի:

 

Անդրադառնալով արդեն քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ նախագահն այն անվանել է «ահաբեկչությանն աջակցող կուսակցություն»:

 

Թուրքիայի նախագահի նման պահվածքն արդեն հասցրել է քննադատությունների տեղիք տալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ընդդիմադիր կուսակցություններն ընտրական օրենսգրքի դրույթները խախտելու հիմնավորմամբ մի քանի անգամ դիմել են Բարձրագույն ընտրական հանձաժողով, որտեղից, սակայն, միշտ մերժում են ստացել: Խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական պայքարին Էրդողանի միջամտելու առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ Թուրքիային կոչ անելով պահպանել իրենց կառույցի առաջ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև երկրի սահմանադրական սկզբունքները: