Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում փետրվարի 26-ին տեղի կունենա բողոքի ցույց' Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայերի ջարդերի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Հարավային Ամերիկայի «Հայաստան» երիտասարդական միությունից, ցույցը տեղի կունենա Արգենտինայում Ադրբեջանի դեսպանության առջև: «Բողոքի ցույցն ուղղված է Ադրբեջանի կառավարության դեմ, որը շարունակում է հարձակվել Ղարաբաղի ու Հայաստանի վրա: 26 տարի առաջ Ադրբեջանը Սումգայիթում իրականացրեց հայերի ցեղասպանություն, որը 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության շարունակությունն էր: Մենք լցված ենք արդարության հասնելու վճռականությամբ»,-նշեցին «Հայաստան» երիտասարդական միությունից:
Նույն օրը Արգենտինայում գործող հայկական լրատվական գործակալություններից մեկը անգլերեն հոդվածներ կտրամադրի թերթերին, հեռուստաալիքներին, մամուլի գրասենյակներին' ներկայացնելով պատմական փաստեր սումգայիթյան վայրագությունների մասին:
1988 փետրվարի 27-29-ը Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության լուռ համաձայնության պայմաններում, կազմակերպվել է տեղի հայ բնակչության կոտորած, որի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, գազանաբար տանջամահ է արվել 32 մարդ, խոշտանգվել և ծանր վիրավորվել' շուրջ 200-ը: Սումգայիթյան ջարդն ու թալանը միայն երեք օր հետո է հաջողվել է կանգնեցնել քաղաք մտած ռազմական ստորաբաժանումներին, որոնք քաղաքից դուրս են հանել ողջ մնացած երեք հազար հայի:
Արգենտինան այն պետությունն է, որը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով 2007թ.: