Նեպալի հյուսիսում՝ Չինաստանի հետ սահմանում, գտել են կորած ամերիկյան ռազմական ուղղաթիռի բեկորները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է France Presse գործակալությունը:

 

 

Ուղղաթիռում եղել են ԱՄՆ-ի վեց ծովային հետևակային և երկու նեպալցի, նրանք բոլորն էլ զոհվել են, հայտարարել է Նեպալի պաշտպանության փոխնախարար Իշվորի Պրասադ Պայդալը:

 

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի UH-1H-Y ուղղաթիռի հետ կապը կորել է, երբ այն երկրաշարժից տուժած Չարիկոտ քաղաքի շրջանում մասնակցում էր տուժածներին օգնություն ցույց տալու գործողությանը:

 

 

Նեպալում գտնվում են շուրջ 300 ամերիկացի զինծառայողներ, որոնք օգնում են ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանը, որից լրջորեն տուժել են Կատմանդուի հովտի քաղաքները և երկրի այլ շրջաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: