Մեծ Բրիտանիայում շներին կսովորեցնեն հոտով որոշել կորոնավիրուսով հիվանդներին։ Այս մասին հաղորդում է AsiaOne-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը։
Medical Detection Dogs բարեգործական կազմակերպության կողմից առաջարկված հետազոտությանը կմասնակցեն Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի և Դարեմի համալսարանի մասնագետները։ Նախկինում Medical Detection Dogs կազմակերպության վարժեցրած շները սովորել են հոտոտելով պարզել քաղցկեղը, Պարկինսոնի հիվանդությունը, մալարիան և որոշ բակտերիական վարակներ։
«Մենք համոզված ենք, որ շները կկարողանան որոշել COVID-19-ը, ասում է բարեգործական կազմակերպության հիմնադիր Կլեր Գեսթը։ Ներկայումս մենք փորձում ենք միջոց գտնել հիվանդների մոտից անվնաս կերպով որսալու վարակի հոտը, որպեսզի ցույց տանք այն շներին։ Նպատակն այն է, որ շները կարողանան ստուգել բոլորին, անգամ նրանց, ում մոտ ախտանշաններ չկան և հայտնաբերեն մարդկանց, որոնք պետք է թեստ հանձնեն»։