Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ՝ նոյեմբերի 3-ին, նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է «Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) բուժում ստացող պացիենտներին Ռեմդեսիվիր դեղի տրամադրման կարգը»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպիսով, 2020 թ․ մարտից որոշում է ընդունվել կիրառել Ռեմդեսիվիրը COVID-19 վարակ ունեցող և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների համար:
Նշենք, որ Հայաստանը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի առաջին խմբաքանակը գնել է դեռևս հուլիս ամսին: Ամիսներ առաջ, երբ Հայաստանը նոր ձեռք էր բերում Ռեմդեսիվիր դեղամիջոցը, ԼՈՒՐԵՐ․com-ը Առողջապահության նախարարությունից ճշտել էր, թե ե՞րբ է Առողջապահության նախարարությունը դիմել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը ձեռք բերելու համար, որքա՞ն գումարով, ո՞ր երկրից և ո՞ր ընկերությունից է ձեռք բերում դեղամիջոցը, որտե՞ղ է փորձարկում անցել և ո՞ւմ վրա է փորձարկումն արվելու։ Այստեղից հայտնել էին, որ «Ռեմդեսիվիրը» ձեռք բերելու նպատակով բանակցությունները սկսել են մայիս ամսից, դեղի մեկ սրվակը ձեռք է բերվել 61 հազար ՀՀ դրամով (61 30.8 ՀՀ դրամ) հնդկական «Hetero Labs Limited» դեղագործական ընկերությունից, որին «Gilead Science» դեղագործական ընկերությունը տրամադրել է դեղն արտադրելու թույլտվությունը։
Նախարարությունից փոխանցել էին նաև, որ դեղի արդյունավետության վերաբերյալ որոշակի տվյալներ կան, իսկ դեղի ընտրության համար հիմք է ծառայել տարբեր երկրների փորձը․ «Ուսումնասիրվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Ճապոնիայի դեղերի վերահսկողական կառույցներում առկա տեղեկությունն այն մասին, որ «Ռեմդեսիվիր» դեղը նշված երկրներում ստացել է կլինիկական հետազոտություններ անցկացնելու թույտվություն` որպես COVID-19 հիվանդության հավանական բուժում հանդիսացող հակավիրուսային դեղ։ Ինչպես նաև, որոշ դեպքերում «Ռեմդեսիվիր» դեղը նշված երկրներում ստացել է նաև կիրառման թույլտվություն և ներառվել COVID-19 հիվանդության բուժման ուղեցույցներում` որպես կարեկցական բուժման շրջանակում կիրառվող դեղ, մասնավորապես, կյանքին վտանգ սպառնացող, հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող, ծանր ընթացքով՝ թթվածնով հագեցվածությունը փոքր է 94%-ից՝ լրացուցիչ թթվածնային բուժում ստացող կամ թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված, առնվազն 40 կգ մարմնի զանգվածով և 12 տարեկանից բարձր երեխա և մեծահասակ հիվանդների»,- պատասխանել էին նախարարությունից:
Չնայած նախարարության մեկնաբանությանը՝ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մասնագիտությամբ բժիշկ, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մտահոգություն էր հայտնել՝ նշելով, որ Հայաստանի ձեռքբերածը ոչ թե «Ռեմդեսիվիր» է, այլ` ջեներիկ․ ««Ռեմդեսիվիրը» Բոստոնի ինստիտուտի գյուտն է, իսկ ջեներիկը դրան նման դեղն է։ Այսինքն՝ հնդիկները վերցնում են նույն դեղի հիմքը, բայց այլ դեղ են սարքում։ Եթե խմեք հնդկական և եվրոպական հակաբիոտիկ՝ միանգամից կզգաք տարբերությունը․ վերջինս ավելի լավն է և արագ է ազդում, իսկ հնդկականը՝ ոչ»։
Նա նշել, որ «Ռեմդեսիվիրը» բավականին թանկ դեղ է․ մեկ չափաբաժինն ամերիկյան ընկերություններում արժի 5 000 $, Բոստոնի ինստիտուտից գնելու դեպքում՝ 3 500 $, հնդիկները վաճառում են 1000 $-ով։