Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իշխանությունների հետ միասնական մոտեցում ձևավորելու հնարավորություններ տեսնում է, սակայն այն կարծիքին է, որ դեռևս վաղ է խոսել լիարժեք փոխըմբռնման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա կկազմի, երբ բոլոր հարցերում կլինեն միասնական մոտեցում և պատկերացումներ: «Երբ կոալիցիա մտնելու հարց առաջանա, մենք այդ մասին կհայտարարենք և կհիմնավորենք, թե ինչու ենք կոալիցիա մտնում կամ ինչու չենք մտնում: Այս պահին մենք հիմնավորում ենք, որ չենք կարող կոալիցիա մտնել, որովհետև բազմաթիվ հարցերում ունենք տարբեր մոտեցումներ և պատկերացումներ»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ իշխանությունների հետ միասնական մոտեցում ձևավորելու հնարավորություն, այնուամենայնիվ, տեսնում է:
Նա ընդգծեց, որ երբ խոսքը գնում է Հայաստանի զարգացման մասին, ապա պետք է լինի տեսակետների լիարժեք համընկնում: «Մեր տեսակետները պետք է համընկնեն և պետք է համընկնեն հենց այս պահից, որպեսզի մենք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ունենանք ճիշտ նույն մտածողությունը: Իսկ եթե մենք կեսից պետք է փոխենք մեր տեսակետները, նշանակում է, ոչնչի չենք հասնի»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով խոսակցություններին, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու դեպքում ինքը ստանալու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ինքը սոցիալական ոլորտի նկատմամբ նախասիրություն չունի: