Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է շարունակվող լուրերն ու խոսակցություններն այն մասին, թե ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի կառավարության հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մինասյանն ընդգծեց, որ դրանք հերթական «ջուր պղտորող» խոսակցություններն ու հրապարակումներն են: «Հերթական ջուր պղտորող հայտարարու թյուններն են ու հրապարակումները: Ըստ այդ հրապարակումների' Դաշնակցությունն արդեն յոթ տարի է՝ կոալիցիայի մեջ է, բոլոր դաշնակցականներն արդեն պաշտոններ ունեն գործադիրում և այլն: Բայց այդ ամենը իրականություն չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ չնայած այն հանգամանքին, որ արդեն 7 տարի խոսվում է այն մասին, թե ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի իշխանությունների հետ, ինչն իրականություն չի դարձել, մարդիկ շարունակում են ջուր պղտորելու իրենց քաղաքականությունը: Արծվիկ Մինասյանի համար անհասկանալի է, թե ինչ են ցանկանում նման խոսակցություններ տարածող մարդիկ: