Եվրամիության 28 երկրներից տասը հայտարարել են, որ համաձայն չեն ԵՄ-ի անդամների համար երրորդ աշխարհի երկրներից անօրինական միգրանտների ընդունման բաժնեմասեր սահմանելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:
«Առաջարկությանը համաձայն չեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ԵՄ-ի հարավեվրոպական պետությունների վրա ճնշումը նվազեցնելու համար, որոնց բաժին է ընկնում միգրանտների հիմնական հոսքը, Եվրահանձնաժողովը պատրաստել է բաժնեմասերի համակարգի նախագիծ, որոնց համաձայն գաղթականները հավասարաչափ կբաշխվեն միության բոլոր անդամների միջև՝ հաշվի առնելով ազգային համախառն ներքին արդյունքի ծավալը, բնակչության թվակազմը, գործազրկության մակարդակը, այն օտարերկրացիների քանակը, որոնց արդեն ապաստան է տրամադրվել: Ենթադրվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում Եվրամիությունը 20 հազար գաղթականների կընդունի երրրորդ աշխարհի երկրներից, ամենից առաջ Աֆրիկայից:
Եվրամիությունն ԱԳ նախարարությունների և պաշտպանության նախարարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը հաստատել է Միջերկրական ծովում միգրանտների ապօրինի փոխադրման դեմ պայքարի գործողությունը:
Հյուսիսային Աֆրիկայից գաղթականները փորձում են Միջերկրական ծովով Եվրոպա հասնել մաքսանենգների օգնությամբ, որոնք մարդկանց անօրինական փոխադրումներ են կազմակերպում հրեշավոր պայմաններում: Այդպիսի «փոխադրումների» ընթացքում միգրանտների զգալի մասը զոհվում Է՝ չհասնելով ափ: