Հարյուր հազարավոր միգրանտներ, ում մերժվել է փախստականի կարգավիճակի տրամադրումը, Եվրոպայից կարտաքսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հաղորդել է Times թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը:

 

«Բրյուսելն սպառնում է դադարեցնել իր օգնությունը, չեղարկել առևտրական գործարքներն ու այցագրային համաձայնությունները, եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նիգերը և Էրիթրեան, հրաժարվեն հետ ընդունել իրենց տնտեսական միգրանտներին: Պլանը նաև նախատեսում է ԵՄ-ի երկրներում հսկողության տակ պահել հազարավոր միգրանտների, որպեսզի նրանք չխուսափեն արտաքսումից»,- նշում է հրատարակությունը՝ հավելելով, որ հիշատակված երկրների քաղաքացիներին կարող են միանալ նաև Աֆղանստանից, Լիբիայից և Սիրիայից եկածները:

 

Ինչպես հաղորդում է թերթը, «այս տարվա առաջին կեսին ԵՄ ժամանած ավելի քան 400 հազար մարդու՝ փախստականի կարգավիճակ տամադրելու դիմումները մերժվել են, ինչը հումանիտար և քաղաքական մարտահրավեր է նետում ԵՄ-ի ղեկավարներին»:

 

«Միգրանտների վերադարձման պլանի» համաձայն՝ ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության հարցերով զբաղվող Frontex գործակալությունը լիակատար աջակցություն կապահովի այդ գործընթացին: Այն երկրներին, որոնք չեն ղեկավարվի անօրինական միգրանտների վտարման միջազգային իրավական նորմերով, սպառնում են Եվրահանձնաժողովի տուգանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: