Նորություն չէ, որ Հայաստանի գյուղատնտեսության զարգացումն ուղղակիորեն կախված է այն հարցից, թե որքան բարենպաստ ֆինանսավարկային քաղաքականություն է վարվում հայաստանյան բանկերի կողմից գյուղատնտեսական վարկերի տրամադրման հարցում. ցավոք, ինչպես կյանքն է ցույց տալիս, բանկերն ավելի հաճախ մտածում են սեփական գերշահույթների մասին, քան ոլորտի զարգացման, ինչի արդյունքում էլ այսօր Հայաստանը վերածվել է թուրքական գյուղմթերքի սպառման առաջատար շուկաներից մեկի՝ այն պարագայում, երբ հայ գյուղացին սեփական բերքը ստիպված է լինում առուները լցնել:


Պարզվում է, սակայն, բանկերը միակը չեն, որ թքած ունեն մարդկանց ճակատագրերի վրա. Կառավարությունը ևս կարծես թե առանձնապես չի շտապում հոգալ հայ գյուղացու կենսական կարիքները. գյուղացիությանը սուբսիդավորված վարկերի տրամադրման պրակտիկան կարող է պատմության գիրկն անցնել: Համենայնդեպս առայժմ կառավարությունը չի շտապում կյանքի կոչել այն, ինչ նախատեսված է 2017 թվականի բյուջեով. սուբսիդավորված վարկերի տրամադրումը գյուղացիությանն՝ ուշանում է այն պարագայում, երբ գարնանացանի սեզոնն է այլևս, ու մարդիկ հիմա առավել քան երբևէ կարիք են զգում էժան վարկերի: Ակնհայտ է՝ եթե առաջիկայում այս հարցը չկարգավորվի ու բյուջեով այս հարցի լուծման համար նախատեսված 1 մլրդ դրամից ավելի գումարը չծառայի իր նպատակին, Հայաստանի գյուղատնտեսության համար 2017թ-ը կարող է վերջինը լինել. մարդիկ ուղղակի տուն-տեղ «կբրախեն» ու կքոչեն այս երկրից, քանի որ ոչ ոք խելապակաս չէ, որ իրեն թույլ տա ասենք 20%-ով վարկ վերցնել ու վարուցանք անել:


Թե ինչ լուծում կստանա հարյուր հազարավորներին հուզող այս խնդիրը, պարզ կլինի երևիթե մոտ ժամնակներս, բայց որ այս ամենից այնքան էլ լավ հոտ չի գալիս, փաստ է. ոմանք խիստ ժլատ են դարձել:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ