Հարյուր հազարավոր բրազիլիացիներ փողոցներ են դուրս եկել՝ բողոքելով իշխանության վերին օղակների կոռուպցիայի դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ նման ցույցն է: Առիթ է դարձել երկրի խոշորագույն նավթի-գազի ընկերության՝ կառավարությանը պատկանող Petrobas-ի կասկածելի պարտավորագրերի հետաքննությունը:
Այս անգամ խաղաղ ցուցարարների թիվն ավելի պակաս է եղել, քան մարտի 15-ին, երբ փողոցներ էր դուրս եկել շուրջ 1,5 մլն մարդ:
Սակայն ներկայում էլ ցուցարարները, որոնցից շատերը հագել էին ֆուտբոլի ազգային հավաքականի դեղին մարզաշապիկներ, պահանջում էին նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնաթողությունը:
Նա 2003-ից մինչեւ 2010 թվականը եղել է Petrobas-ի տնօրենների խորհրդի կազմում: Ըստ որոշ հաղորդումների՝ հենց այդ ժամանակաշրջանում է ընկերության գործունեությունը ավելի շատ հարցեր առաջացրել ոստիկանությունում:
Petrobas-ի նկատմամբ հետաքննությունն սկսվել է փետրվարին, երբ ընկերության մի խումբ ղեկավարների եւ իշխող Աշխատավորների կուսակցությունից, որին պատկանում է նաեւ Ռուսեֆը, ազդեցիկ քաղաքական գործիչների կասկածեցին 22 մլրդ դոլար ընդհանուր արժեքով կասկածելի պարտավորագրերի կնքմանը մեղսակից լինելու մեջ:
Հետաքննությունը գտնում է, որ մասնավոր ընկերություններն անօրինականորեն ֆինանսավորում էին քաղաքական գործիչներին եւ նրանց ընտրարշավները՝ փոխարենը շահավետ պարտավորագրեր ստանալով Petrobas-ի հետ:
Դիլմա Ռուսեֆը, որի նախագահական վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշներ է արձանագրել ոչ միայն իր, այլեւ վերջին 20 տարում բոլոր Բրազիլիայի նախագահների համար, ժխտում է բոլոր մեղադրանքները:
Երկրի գլխավոր դատախազը նույնպես բացառել է նրա մասնակցությունը սկանդալին, սակայն ընդդիմությունը պնդում է, որ նա չէր կարող տեղյակ չլինել Petrobas-ում տեղի ունեցածին: