ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում հայ զինվորականների կողմից աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություն իրականացնելու հետաքրքրվածությունը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկը: «Հայաստանը 120 զինվորներով մասնակցում է Աֆղանստանի արձագանքման գործողությանը, 35 զինվորներով՝ ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող խաղաղապահ առաքելութ յանը Կոսովոյում, ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողությունների է մասնակցում, օրինակ, Լիբանանում՝ հանդես գալով ՄԱԿ-ի միջանկյալ ուժերի կազմում: Այս մասնակցության համար մենք շատ երախտապարտ ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

 

 

ՆԱՏՕ-ի պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ մասնակցությունը բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ այն թույլ է տալիս ընդլայնել փոխգործակցությանը ՆԱՏՕ-ի ուժերի հետ: «Կարծում եմ՝ Հայաստանը հետաքրքրված է ժամանակակից չափանիշներին համահունչ արհեստավարժ զիված ուժեր ունենալու հարցում, և այդ բարեփոխումները իրականացնելու համար օգտագործում է ՆԱՏՕ-ի խորհուրդներն ու աջակցությունը, որը բխում է ՆԱՏՕ-ի փորձից, այդ թվում՝ մասնագիտական ուսուցում, վերապատաստում, ռազմական կրթության ոլորտի կատարելագործում, բարեվարքության ամրապնդում՝ հատկապես կոռուպցիայի դեպ պայքարի իմաստով»,- ընդգծեց Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավարը: