Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը մայիսի 20-ին շնորհակալություն է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին' Կոսովոյում իրականացվող KFOR գործողությանը, Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերին (ISAF) Հայաստանի մատուցած օժանդակության համար: Ինչպես հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը, Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել նաև 2014 թվականից հետո դաշինքի' Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» գործողությանն աջակցելու մեր երկրի հանձնառության համար:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբ կատարած այցի ընթացքում ՀՀ նախարարները հանդիպել են Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության ոլորտում Հայաստանի և կառույցի համագործակցության վերաբերյալ: Ռասմուսենը դրվատանքով նկատել է, որ Հայաստանն արդեն սկսել է «Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի» նոր շրջանը' ողջունելով պաշտպանության և անվտանգության ոլորտում թափանցիկության և պատասխանատվության բարձրացմանն ուղղված մեր երկրի ջանքերը:

 

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու զարգացնել երկկողմ ամուր համագործակցությունը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը և ՆԱՏՕ-ն ձևավորել են ամուր քաղաքական երկխոսություն, քաղաքացիական և ռազմական ոլորտների համագործակցության լայն շրջանակ: