Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի Նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, մասնավորապես նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովը պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը մեծապես արժեւորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաեւ Հայաստանում:
Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց եւ առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ առկա խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: