Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև պահպանվում են ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական բնույթի տարաձայնություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զարիֆը հայտարարել է մայիսի 30-ին Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ: Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ կողմերը տարբեր դիրքորոշում ունեն առաջիկայում «վեցյակի» հետ կայանալիք բանակցությունների օրակարգում դրված հարցի վերաբերյալ: «Փորձ կարվի այդ տարաձայությունները հասցնել նվազագույնի»,-ասել է Զարիֆը:
Միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև հերթական հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 4-ին Վիեննայում: Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը պետք է վերջնական տեսքի բերվի հունիսի 30-ին: Առաջիկայում ընդունվելիք փաստաթղթի դրույթները Իրանի և «վեցյակի» միջև համաձայնեցվել են ապրիլին, Լոզանում: