Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ՀՀ օրենսգրքերի հավելվածներով հաստատված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկը միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությւամբ ԱԺ քառօրյա նիստերի լրակարգում ընդգրկեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

 

 

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը նախապատրաստվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ժամանակացույցի:

 

 

«Նշված կետով նախատեսված է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացումը կատարել ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եղիազարյանը՝ հավելելով, որ օրենսդրական նախաձեռնութամբ առաջարկվում է որոշակի փոփոխությունների ենթարկել թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ցանկը՝ համապատասխանեցնելով այն միջազգային փաստաթղթերի դրույթներին:

 

 

Եղիազարյանը հայտնեց, որ միջոցառումն իրականացնելու նպատակով ուսումնասիրվել են ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերի հավելվածներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ցանկերը, ինչի արդյունքում պարզվել է, որ հավելվածներում եւ ցանկերում կան նյութերի որոշակի անհամապատասխանություններ, բացթողումներ և տերմինների տառադարձության հետ կապված վրիպակներ:

 

 

Նշված բացթողումները վերացնելու նպատակով ցանկերը համեմատվել են նաև ՄԱԿ-ի 1961, 1971 և 1988թթ. միջազգային կոնվենցիաներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ցուցակների հետ:

 

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, փորձաքրեագիտական վարչության և ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: