Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ մինչ օրս կազմակերպված ամենամեծ հանրահավաքի ժամանակ Դիարբեքիրում 5 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել: Պայթյունները տեղի են ունեցել հրապարակի տրանսֆորմատորի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, պայթյունների հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել շուրջ 300 մարդ:
Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվածների մեջ ծանր վիրավորներ կան, և կա մտավախություն, որ նրանք ևս կարող ենք մահանալ: Վիրավորներին օգնելու նպատակով Դիարբեքիրի քաղաքապետարանը քաղաքացիներին կոչ է արել արյուն հանձնել:
Պայթյունի որոտալու ժամանակ կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը դեռևս հարթակ բարձրացած չի եղել: Կատարվածից հետո նա անմիջապես չեղյալ է հայտարարել հանրահավաքը: Ավելի ուշ Դեմիրթաշը Դիարբեքիրում կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի մոտ հավաքվածների ներկայությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «հաղթելու է խաղաղությունը»: Նա կոչ է արել չկորցնել խելամտությունը, իսկ կատարվածը որակել է որպես սադրանք:
Դիարբեքիրում տեղի ունեցածին նման մեկնաբանություն է տվել նաև թուրքական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: «Ամենայն հավանականությամբ՝ այս ամենը մի մեծ սադրանք է»,- նշել է նա:
Տեղի ունեցածի վերաբերյալ խոսել է նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ ընդգծելով, որ արվում է ամենը մեղավորներին հայտնաբերելու նպատակով: «Ընտրություններից 48 ժամ առաջ նման հարձակումը բացահայտ սադրանք է՝ ընդդեմ մեր ժողովրդավարության ու Թուրքիայի կայունությանը»,- ասել է նա:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը բացառել է տրանսֆորմատորի ներսում պայթյունի հնարավորությունը: Քննարկվում է պայթուցիկների առկայությունը: