Թուրքիայի Ադանա և Մերսին նահանգներում պայթյուններ են տեղի ունեցել քրդական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակներում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը: Պայթյունների արդյունքում Ադանայում վիրավորվել են 3, Մերսինում' 7 մարդ: Քրդական կուսակցության գրասենյակներին նյութական մեծ վնաս է հասցվել:
Ինչպես հայտնում է թերթը, Թուրքիայում անցկացվելիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ այդ նահանգներում սպասվում էին HDP առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշի նախընտրական հանրահավաքները:
HDP կենտրոնական գրասենյակը հայտնել է, որ կուսակցության Ադանայի նախընտրական շտաբում պայթյունը տեղի է ունեցել փոստով ստացված փաթեթը բացելու ժամանակ, իսկ Մերսինում պայթել է գրասենյակ բերված ծաղկեփունջը:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: