Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (BDP) 35 պատգամավորներն այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ անդամակցել են խորհրդարանում երկու անկախ պատգամավորներ ունեցող մյուս քրդական «Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը» (HDP):

 

Ինչպես հաղորդում է թուրքական Demekrat Haber լրատվական կայքը, արարողութոյւնը տեղի է ունեցել Անկարայի Gur Kent Hotel Aspendos հյուրանոցի հանդիսությունների սրահում:

 

Արարողության ժամանակ ելույթ ունեցած քրդական կուակցությունների առաջնորդները հայտարարել են, որ քրդական երկու գլխավոր քաղաքական կուսակցությունների միավորվելու նպատակը Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծումն է: Նշվել է, որ Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 102 քաղաքներում քրդերի տարած հաղթանակից հետո թուրքաբնակ քրդերը ձեռնամուխ են լինում ինքնավարություն ստեղծելու գործին:

 

Հայտարարվել է, որ այդ գործընթացում մոտ ժամանակում կհրապարակվեն ինքնավարության դրոշը, խորհրդարանի կազմը, մայրաքաղաքը եւ այլ խորհրդանիշեր: Նրանք նշել են, որ քրդական ինքնավարության սահմանները առաջիկա տարիներին կորոշվի Թուրքիայի հիմնականում քրդերով բնակեցված տարածաշրջաններում հանրաքվե անցկացնելու միջոցով: