ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Demokrathaber.net-ը:

 

 

Հանձնախումբը հորդորել է Թուրքիայի քաղաքացիներին իրենց ձայնը տալ ԺԴԿ-ին, քանի որ վերջինս պայքարում է հանուն երկրում բնակվող բոլոր ժողովուրդների մայրենի լեզվի կիրառման, մշակութային և կրոնական ազատությունների: Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից նշել են նաև այն, որ հիմնադրման օրվանից ի վեր կուսակցությունն աջակցում է պատգամավորի հայ թեկնածուներին: «Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ԺԴԿ-ի գտնվելը կնշանակի, որ գոյություն ունի մի կուսակցություն, որը կողմ է ազատությանը, հավասարությանը, խաղաղությանն ու արդարությանը»,- ասվում է հայտարարության տեքստում:

 

 

Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին: Ընտրություններին մասնակցող խոշոր կուսակցություններից երեքը' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, ինչպես նաև քրդամեետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն իրենց շարքերում առաջադրել են հայ թեկնածուների: