Բաքվում առաջին Եվրոպական խաղերին ընդառաջ նոր բռնկված սկանդալը Հունաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է: Բաքվում Հունաստանի դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե դեսպան Դիմիտրոս Ցունգասն իր երկրի ԱԳՆ է ուղարկել նամակ՝ կոչ անելով չմասնակցել առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, դեսպանությունը ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այս տեղեկությունն անվանել է որպես իրենց հեղինակությունը սևացնելու քայլ:

 

 

«Հունաստանի դեսպանատունը խորապես անհանգստացած է և տհաճորեն զարմացած չլսված ստի և չհիմնավորված մեղադրանքների առնչությամբ, որոնք տարածում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Մենք կտրականապես հերքում ենք անանուն ուղարկված մեղադրանքները, որտեղ չկա ոչինչ ստից բացի, և արտահայտում ենք մեր բողոքն այս առնչությամբ»,- նշվում է Ադրբեջանում Հունաստանի դեսպանատան հայտարարության մեջ:

 

 

Պաշտոնական Բաքուն սկսել է հուսահատ քայլերի դիմել՝ մտացածին մեկնաբանություններ անելով, թե ինչու են օտարերկրյա պետությունների ղեկավարները հրաժարվում մասնակցել առաջին Եվրոպական խաղերի բացմանն՝ այդպիսով հրահրելով միջպետական սկանդալ: Այս անգամ թիրախում են հայտնվել Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը և Բաքվում Հունաստանի դեսպան Դիմիտրոս Ցունգասը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը լուր է տարածել այն մասին, թե Հունաստանի Նախագահը հրաժարվել է մասնակցել Եվրոպական խաղերի բացման արարողությանը դեսպան Ցունգասի ուղարկած նամակի պատճառով, որը, ըստ ադրբեջանական կողմի, ունեցել է ապատեղեկատվական բովանդակություն:

 

 

Ադրբեջանական կողմը նշում է, թե Հունաստանի ԱԳՆ ուղարկված նամակում իբր ասվել է, որ ոչ մի պետության ղեկավար խաղերի բացմանը չի մասնակցելու՝ այդպիսով բոյկոտելով դրանք: Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի, հենց այս նամակից հետո է, որ Պրոկոպիս Պավլոպուլոսը հրաժարվել է այցելել Բաքու: