Ադրբեջանն արգելել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության ներկայացուցիչներին Եվրոպական խաղերին ընդառաջ այցելել Բաքու:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

 

 

Այցը, որի ընթացքում նախատեսվում էր իրականացնել «Ադրբեջան. բռնությունները Եվրոպական խաղերի ֆոնին» խորագրով բրիֆինգ, չեղյալ է հայտարարվել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատնից կազմակերպությանն ուղարկված հաղորդագրությունից հետո, որում ասվում էր. «Ադրբեջանն այն վիճակում չէ, որ այս պահին ողջունի Amnesty-ի պատվիրակությանը Բաքվում»: Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ այցը կարելի է իրականացնել միայն Եվրոպական խաղերից հետո:

 

 

«Հեգնական է այն փաստը, որ միջոցառումը չեղյալ է հայտարարվել հենց այն պահին, երբ Եվրոպական խաղերի նախօրեին երկրում սիստեմատիկ կերպով խեխդվում են քննադատող ձայները: Երկրի իշխանությունները հուսահատ կերպով փորձում են Եվրոպական խաղերի շուրջ ստեղծել քննադատություններից զերծ գոտի: Այս խաղերը հեռու են օլիմպիական խարտիայով ամրագրված մամուլի ազատության և մարդկային արժանապատվության արժեքներից»,- նշել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Amnesty International կազմակերպության փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

 

 

Հայտարարության շարունակության մեջ նշվել է, որ խաղերից առաջ երկրում ավելի են ուժգնացել բռնությունները լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: «Անկախ ԶԼՄ-ներ երկրում գրեթե չկան, իսկ հեռուստաընկերությունները և թերթերը, որոնք պատկանում են կառավարությանը կամ ղեկավարվում են դրա կողմից, օգտագործվում են իշխանությունների քայլերն արդարացնելու համար»,- նշել են կազմակերպության անդամները' ադրբեջանական իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարգել մարդու հիմնարար ազատությունները: