Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունիսի 10-ին, Աստանայում ելույթ ունենալով համաշխարհային և ավանդական կրոնների ղեկավարների հինգերորդ համագումարի լիագումար նիստում, հայտարարել է, որ պետք է մերժվեն միջպետական հարաբերություններում հակասությունների լուծման ուժային մեթոդները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի-Կազախստան» գործակալությանը:

 

 

«Առաջարկում եմ համագումարի ամփոփիչ հռչակագրում ներառել մի շարք կարևոր կոչեր, որոնք արտացոլում են մեր ամբողջ մոլորակի միլիարդավոր մարդկանց ցավն ու հույսերը. բոլոր երկրներում և միջպետական հարաբերություններում պետք է վճռականորեն մերժվեն ամեն տեսակ քաղաքական հակասությունների լուծման ուժային մեթոդները»,- նշել է պետության ղեկավարը:

 

 

 

«Երրորդ՝ կարևոր է կոչ անել բոլոր առաջատար պետությունների քաղաքական ղեկավարներին՝ կանգնեցնել արդի աշխարհում անվստահության խորացումը, պետք է վերջ դնել փոխադարձ պատժամիջոցներին, որոնցից առավել շատ են տուժում երրորդ աշխարհը և հասարակ մարդիկ: Կարևոր է՝ աշխարհը զերծ պահել 21-րդ դարում սառը պատերազմի ժամանակների կարծրատիպերի վերականգնման վտանգից: Այսօր անհրաժեշտ է օգտագործել ՄԱԿ-ի, անվտանգության միջազգային այլ կառույցների հնարավոր բոլոր մեխանիզմները հակասությունների կարգավորման, պատերազմների ու հակամարտությունների դադարեցման համար»,- ասել է Նազարբաևը: