Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով աշխատանքային այցով Երևան ժամանած Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացու մոտ մալարիա է հայտնաբերվել։ Առողջապահական պետական տեսչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր' 39.2 աստիջան ջերմություն, ընդհանուր թուլություն և տենդի նախանշաններ։

 

Բժիշկ-համաճարակաբանները կազմակերպել են նրա՝ որպես մալարիայով կասկածելի հիվանդ հոսպիտալացումը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա։

 

ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ժամը 21.30-ի դրությամբ հիվանդի վիճակը գնահատել է միջին ծանրության։ Ջերմությունը եղել է 39.5 աստիճան, ինչը բնորոշ է արևադարձային մալարիային։ Հիվանդն ապահովվել է անհրաժեշտ դեղերով, ստանում է չափորոշիչներով սահմանված բուժում։ Հիվանդի հոսպիտալացման և բուժման աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողությամբ։