YouGov ծառայության հարցման արդյունքում աշխարհում առավել նախընտրելի գույն է հայտարարվել կապույտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է YouGov-ի կայքում: Հետազոտությանը մասնակցել են տասը երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի, Հոնկոնգի, Մալայզիայի, Սինգապուրի, Թաիլանդի և Ինդոնեզիայի բնակիչները:
Կապույտ գույնը նախընտրածներն առավել մեծ թիվ են կազմել Մեծ Բրիտանիայում (33 տոկոս), ամենաքիչը՝ Ինդոնեզիայում (23 տոկոս): Ընդ որում նշվում է, որ երկրներից յուրաքանչյուրում նախապատվությունն այդ գույնին տված մարդիկ առնվազն 8 տոկոսով ավելի շատ են եղել, քան այլ երանգների սիրահարները:
Թաիլանդում, Չինաստանում և ԱՄՆ-ում վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է կանաչ գույնը, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում՝ կարմիրը, Հոնկոնգում՝ մանուշակագույնը: Ավստրալիայում և Մալայզիայում կարմիրն ու մանուշակագույնը բաժանել են երկրորդ տեղը:
Նշվում է, որ մարդկանց նախապատվությունները կախված են եղել նրանց սեռային պատկանելությունից: Օրինակ, ԱՄՆ-ում կապույտին իրենց ձայնն են տվել տղամարդկանց շուրջ 40 տոկոսը և կանանց 24 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ համապատասխանաբար 40 և 27 տոկոսը: Բացի այդ, հարցվածների ընտրության վրա ազդել է նրանց ռասսայական պատկանելությունը: Այսպես, ԱՄՆ-ում վարկանիշի հաղթողին իրենց ձայնն են տվել սպիտակամորթների 30 տոկոսը, սևամորթների 35 տոկոսը և լատինամերիկացիների 35 տոկոսը:
Չի ճշտվում, թե ընդամենը քանի մարդ է մասնակցել հարցմանը, բայց հայտնի է, որ ԱՄՆ-ում դրան մասնակցել է 998, Մեծ Բրիտանիայում՝ 1592 մարդ: