Կիևի մարզի Վասիլկովի շրջանի նավթաբազայում հրդեհը վերստին սաստկացել է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

 

Նախնական գնահատումներով՝ բոցի բարձրությունը հասնում է 50 մետրի: Այրման վայրում աշխատում է շուրջ 100 հրշեջ:

 

«Իրադրությունը բարդացել է, որովհետև մեկ ժամ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ասել էին, թե առայժմ այրվում է մեկ ցիստեռն, իսկ մյուսները պարզապես ծխում են, և դրանք հաջողվել է մարել: Բառացիորեն հինգ րոպե առաջ կրկին հրդեհ է բռնկել, կրակը բոցավառվում է»,- հաղորդել է հեռուստաալիքը:

 

«Ինտերֆաքս-Ուկրաինայի» տվյալներով՝ նավթաբազայի տարածքում պայթել է երկու տարողություն՝ 800-ական խորանարդ մետր ծավալով: Ինչպես հաղորդել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը, ընդհանուր առմամբ շարունակում են այրվել երեք ցիստեռն: «Նավթաբազայից զորամասի, ինչպես նաև օդանավակայանի ուղղությամբ կրակի տարածման սպառնալիք չկա»,- ընդգծել է պաշտոնյան:

 

Ինչպես Facebook-ի իր էջում ճշտել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, հրդեհի հետևանքով տուժածների թիվն ավելացել է մինչև 18: «Նրանցից երեքը զոհվել է տեղում, մեկը մահացել է բժշկական հիմնարկությունում, չոս հոգու ցույց է տրվել ամբուլատոր բժշկական օգնություն, 10 հոգի գտնվում է ստացիոնար բուժման մեջ»,- ասված է տեղեկագրում: