Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին հունիսի 17-ին ընդունած որոշումից հետո հանձնաժողովի շենքի առջև առաջացած քաշքշուկի արդյունքում ոստիկանություն վարչական բերման է ենթարկվել 6 անձ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ինտեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Բերման ենթարկված անձանց ինքնությունը ճշտվում է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ որոշումից հետո առաջացած խժդժությունից հետո ոստիկաններն ամուր շղթայի մեջ առան հանձնաժողովի շենքը, իսկ ցուցարարաները շարժվեցին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց հետ զրուցելու է դուրս եկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով էլ խոստացել է հետաքրքրվել բերման ենթարկված անձանցով և տեղեկություններ հաղորդել նրանց մասին: Կենտրոնականի բաժնի մոտ ցուցարարները սպասում են բերման ենթարկվածների ազատ արձակմանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ին կայացած որոշման համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով: