Բաքվում անցկացվող Եվրոխաղերի շրջանակում Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում հունիսի 17-ին ըմբիշների մրցումներին հետեւող մրցավարների, լրագրողների լուսանկարիչների, տեսաօպերատորների տեսողության հետ կապված տարօրինակ խնդիր է ծագել:
«Թուրան»-ը հայտնել է, որ ոչ պաշտոնական տվյալներով' երեկոյան մրցումների ժամանակ դահլիճի վերին հատվածի լուսավորության լամպերը պայթել են, որոնցից դահլիճ է թափվել փոշի՝ չնայած, դա աննկատ է մնացել ներկաներից մեծամասնության համար: Սակայն, այսօր դահլիճում աշխատող լուսանկարիչները եւ մրցավարները գանգատվել են տեսողության վատացումից: Նրանցից մի քանիսի աչքերում կարմրություն է հայտնվել, բոլոր լուսանկարիչ-թղթակիցները բժշկական քննության համար ուղարկվել են հիվանդանոցներ:
«Թուրան»-ը հայտնում է, որ այսօր մրցավարներն ըմբիշների մրցումները դատում են արեւապաշտպան ակնոցներով: Որոշ տուժածների խոսքով' նրանք ծակոցներ են զգում աչքերում, գույները տեսնում են աղավաղված: Եվրոխաղերի կազմակերպիչները չեն մեկնաբանել երեւույթը: