Ներկայումս Ադրբեջանում ընթանում են Եվրոպական խաղերը: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը խիստ անհանգստացած է իր ազգի պատկերով: Այնքան, որ իշխանամետ հեռուստաընկերությունները հարազատ ադրբեջանցիներին օտարերկրյա զբոսաշրջիկների պես են ներկայացրել՝ նավթի պաշարներով հարուստ Կովկասյան երկիրն արտասովոր կերպով գովերգելու համար: Այդ ամենն Ադրբեջանի անկախ լրատվամիջոցների ուրախությունն է, որոնք ծաղրել են կեղծ հարցազրույցները՝ մի շարք տեսահոլովակների և ինտերնետ մեմերի միջոցով, որոնք արագ տարածում են գտել համացանցում, գրում է The Daily Beast-ը:

 

Օրինակ, Lider TV հեռուստաընկերությունը, որն Ալիևի հարազատներից մեկին է պատկանում, իրականացրել է այդ կարճ, բայց զվարճալի փոխանակումը մի երիտասարդի հետ, ով կոտրված անգլերենով ներկայացրել է իրեն որպես Ջեյմս Բոնար: Նա պնդել է, թե եկել է Լոնդոնից, և դա իր առաջին ուղևորությունն է «գեղեցիկ» Բաքու, որը նա նկարագրել է «ֆանտաստիկ»՝ հավելելով, որ սնունդն իսկապես «շատ լավն է»:

 

Meydan TV ադրբեջանական անկախ հեռուստաընկերության գործադիր տնօրեն, վերջերս The Daily Beast-ի խմբագիր Էմին Միլիի խոսքով՝ իրեն բրիտանացի Ջեյմս Բոնար կոչողն իրականում ծագումով ադրբեջանցի Սեյմուր Սաֆարով է՝ Ջեբրայիլի շրջանից: Meydan TV-ի խուզարկուներից մեկը գտել է Սաֆարովի ֆեյսբուքյան բնօրինակ էջը, որտեղ նա հագնված է ճիշտ նույն կերպ՝ ինչպես Lider TV-ի հեռարձակման ժամանակ:

 

ANS հեռուստատեսությամբ մեկ այլ «ալիևամետ» ներկայացել է որպես Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկ՝ ասելով, թե եղել է Հավայան կղզիներում և արշիպելագը չի կարող համեմատվել փառահեղ Կասպից ծովի հետ, որի ջրային կյանքի մեծ մասն անհետացել է ձկան պակասի և աղտոտման պատճառով:

 

«Մարդիկ սկսեցին ծաղրել զբոսաշրջիկներին կեղծելու ադրբեջանական կառավարության հիմար գաղափարը»,- ասել է Միլին:

 

Ներկայացվել են բազմաթիվ ծաղրանկարիչների աշխատանքներ, որոնցից ավելի տարածված էր երկրի ամենահայտնի հակակառավարական բլոգեր և լուսանկարիչ Մեհման Հուսեյնովի աշխատանքը, ով ստեղծել է իր սեփական ծաղրերգությունից լրատվական մի հատված, որտեղ նա ձևացրել է, թե գերմանացի լրագրող է, ով նոր է ժամանել Ադրբեջան՝ այդ «դրախտը» լուսաբանելու համար:

 

«Նա սկսել է՝ ասելով, թե Գերմանիայում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են, ոստիկանությունը ծեծում է մարդկանց, որ իր սեփական բնակարանը Բեռլինի կենտրոնում ավերվել է, և ինքը ոչ պատշաճ փոխհատուցում է ստացել: Նա ցույց է տալիս լուսանկարներ, որոնք, ըստ էության, արվել են Բաքվում:

 

«Կոչ եմ անում բոլոր գերմանացիներին հեռանալ Գերմանիայից և ապրել այստեղ»,- բղավել է նա:

 

Միլին բացատրում է, որ Գերմանիան թիրախ է այն պատճառով, որ գերմանացի լրագրողներն Ալիևի՝ մարդու իրավունքների հետապնդման անխոնջ քննադատներն են եղել՝ ավելի քան 100 քաղբանտարկյալի հետ կապված:

 

Առավել հայտնի է «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով բազմիցս անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա մտերիմների և ադրբեջանցի բարձրաստիճան այլ պաշտոնյաների կոռուպցիոն գործողություններին։

 

Բաքուն փորձել է շեղել ուշադրությունն իր ավտորիտարիզմից՝ ծավալելով քարոզչություն Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում, օգտագործելով իր հսկայական նավթային հարստությունը, ռազմավարական կարևորությունը, և, անշուշտ, միջազգային սպորտը, ժողովրդավարական կառավարություններին գայթակղելու համար, որպեսզի փոխեն իրենց հայացքը:

 

Իսմայիլովան բանտում է 2014 թվականի դեկտեմբերից: Վերջերս New York Times-ին ուղղված նամակում նա գրել է. «Ադրբեջանում մարդու իրավունքների ճգնաժամ կա: Ամեն ինչ երբեք ավելի վատ չի եղել, քանի դեռ նրանք, ովքեր վերևում շարունակում են օգուտ քաղել կոռուպցիայից, հասարակ մարդիկ պայքարում են աշխատանքի, ապրելու և ազատության համար: Եվ մենք պետք է պայքարենք հանուն նրանց»:

 

Կեղծ զբոսաշրջիկներով լի փողոցները հատկապես զավեշտական երևույթ է, քանի որ կան ճշմարիտ հաշվարկներ, որ կառավարությունը խաղերի վրա ծախսել է 8 միլիարդ դոլար: