«Թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի որդին դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ խնդրելով իրեն հանձնել հոր մահվան վկայականը: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն՝ վկայակոչելով WikiLeaks կայքում հրապարակված փաստաթուղթը:

 

WikiLeaks պորտալը հանրային հասանելիությամբ հրապարակել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի ավելի քան 70 հազար փաստաթուղթ: Դրանց թվում էր նաև երկրի ԱԳՆ-ի գաղտնի նամակագրությունն ամբողջ աշխարհում թագավորության դեսպանատների հետ:

 

WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերի մեջ գտնվել է նամակ, որը Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատան գլխավոր հյուպատոս Գլեն Կայզերն ուղարկել է բեն Լադենի որդուն: Նամակը թվագրվում է 2011-ի սեպտեմբերի 9-ին:

 

«Ես ստացա ձեր հարցումը ձեր հոր՝ Ուսամա բեն Լադենի մահվան վկայակագրի վերաբերյալ: Ես իմացել եմ ԱՄՆ պետդեպի իրավաբանական խորհրդատվության բաժնի կողմից, որ Ուսամա բեն Լադենի մահվան փաստով մահվան վկայական չի կազմվել: Դա համապատասխանում է ռազմական գործողությունների ժամանակ սպանված մասնավոր անձանց համար սովորական պրակտիկային»,- ասվում է փաստաթղթում:

 

Տեքստում նաև ասվում է, որ ԱՄՆ դաշնային դատարանը «թիվ մեկ ահաբեկչի» մահվան պատճառով դադարեցրել է մեղադրական ակտով գործընթացը, որը սկսվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հայցով:

 

«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ կառավարության ներկայացրած փաստաթղթերը կօգնեն ձեզ և ձեր ընտանիքին»,- եզրափակել է նամակը Գլեն Կայզերը: