Մայնցի գերմանական համալսարանական հիվանդանոցում վիրաբույժը խնդրել է հավաքարարին օգնել իրեն վիրահատություն կատարել: Դրա համար բժիշկը հեռացվել է աշխատանքից, հայտնում է Bild-ը։

Հրապարակման համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերին վիրաբույժը միայնակ անդամահատել է տեղային անզգայացման տակ գտնվող հիվանդի մատը։ Վիրահատության ժամանակ հիվանդի ոտքը կծկվել է։ Վիրաբույժը կանչել է հավաքարարին և խնդրել նրան բռնել հիվանդի ոտքը և վիրաբուժական գործիքներ տալ իրեն։ Կինը չի ունեցել անհրաժեշտ գիտելիքներ, չի ենթարկվել ոչ տեխնիկական, ոչ հիգիենիկ ցուցումներին։

Հիվանդանոցի ղեկավար, պրոֆեսոր Նորբերտ Պֆայֆերի խոսքով՝ դա չպետք է տեղի ունենար, քանի որ դա բժշկական էթիկետի խախտում է և բժշկական սխալ։ Արդյունքում՝ վիրաբույժը հեռացվել է աշխատանքից։ Հստակեցվում է, որ նա կարող էր բուժքրոոջը կանչել, քանի որ վիրահատությունը տեղի է ունեցել ցերեկային ժամերին, երբ հիվանդանոցում հերթապահում էր բավարար թվով անձնակազմ։