Այսօր ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ասուլիս: Ներկայացվեց երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ թեմի կազմակերպված միջոցառումները:

 

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արարատյան Հայրապետական թեմում նշվեց մեծ շուքով: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի Երևանի և Մխչյանի ս. Հովհաննես, Նոր Նորքի, Վեդու, Արևշատի և Զորավոր ս. Աստվածածին, Նուբարաշենի ս. Նահատակյաց և Արարատի ս. Հակոբ եկեղեցիներում կատարվեց մանուկների օրհնության կարգ, որին հաջորդեցին եկեղեցիների բակերում կազմակերպված միջոցառումները՝ կավճանկարչություն, մրցույթներ, մրցանակներ, ուրախ ժամանց հեքիաթի հերոսների մասնակցությամբ, երգ-պար, հյուրասիրություն և այլն:

 

Թեմի հոգևորականները փոքրիկներին իրենց հայրական օրհնությունը բերեցին նաև մանկապարտեզներ, մանկատներ, երեխաների աջակցության կենտրոններ այցելելով ու միջոցառումներին մասնակցելով: Արգավանդի ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը մասնակցեց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան միջոցառմանը, որտեղ ելույթ ունեցավ մանկատան սան փոքրիկ Հովհաննեսը:

 

Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը մասնակցեց հ. 117 մանկապարտեզում կազմակերպված միջոցառմանը, մանուկների օրհնության կարգ կատարեց, խաչեր և պահպանիչ աղոթքով թերթոններ բաժանեց:

 

ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանն այցելեց Երևանի Քանաքեռ- Զեյթուն համայնքի Դանիել Գայբակյանի անվան թիվ 152 մսուր մանկապարտեզ:

 

Մասիսի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը մասնակցեց ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում իրականացված միջոցառմանը:

 

Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը անհատ բարերար Հերմինե Սարգսյանի, թեմի մի խումբ երիտասարդների հետ այցելեց Շիրակի թեմ՝ Գյումրի, որտեղ նվերներ բաժանեցին Սոցիալ-կրթական կենտրոնին, անապահով ընտանիքների երեխաներին:

 

Արդեն երկրորդ տարին է, որ ԱՀԹ-ն աջակցում է Հ3 հեռուստաընկերության հունիսմեկյան համերգին, որն այս տարի անցկացվեց Շարլ Ազնավուրի հրապարակում: Թեմական աջակցությունից զատ եկեղեցասեր երիտասարդները համերգի ընթացքում երեխաների համար կազմակերպեցին հետաքրքրաշարժ խաղեր, մրցույթներ:

 

ԱՀԹ երիտասարդները մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետարանի կողմից Կենդանաբանական այգում իրականացված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին: