Այսօր, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեցին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները և ծրագրերի պատասխանատուները:

 

Վերջիններս ՀՀ ՊՆ բարձր գնահատանքի են արժանանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկամյա միջոցառումները և «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը նախաձեռնելու և իրականացնելու համար:

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս կճոյանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց աղոթքով:

 

Պատվոգրերը հանձնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:

 

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմն այս տարի իրականացնում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ երկրորդ անգամ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ 2015թ. հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը բաշխվելու է.

 

• 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին,

 

• ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված I խմբի բոլոր զինհաշմանդամներին,

 

• ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված II և III խմբերի զինհաշմանդամներին:


Օգնությունը տրամադրվելու է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով:

 

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել է 2014թ. ս. Սարգիս զորավարի տոնին: Նախորդ տարի ևս հանգանակվել էր 50 մլն դրամ, որը բաշխվեց ՀՀ ՊՆ սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Աջակցություն ստացան 2004-2014թթ. Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու 2014թ. փետրվարի դրությամբ ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքները: Օգնությունը բաշխվեց 301 ընտանիքի:

 

Ծրագրի նպատակն է աջակցել իրենց կյանքն ու առողջությունը հանուն Հայրենիքի նվիրաբերած զինվորների ընտանիքներին, զորավիգ լինել Հայրենիքի պահապաններին մեր կարողությունների չափով և ուշադրության կենտրոնում պահել մեր ազգի ու պետականության կարևոր պատվար բանակը:

 

Նշենք նաև, որ Արարատյան Հայրապետական թեմն այս տարի իրականացրել է նաև Հայոց եղեռնի նահատակների հիշատակին նվիրված 12 միջոցառում` Արարատյան Հայրապետական թեմում: