Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ` Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

 

Պատարագին, երիտասարդ զինծառայողների օրհնության կարգին և խաչերթին մասնակցեցին նաև ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամներն ու խորհրդի ատենապետ International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանը:

 

 

Նշենք, որ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ սահմանային գոտում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ժամկետային զինծառայողները Ս. Սարգսի տոնի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվեցին Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական զարդապատկերով ու տոնը խորհրդանշող հուշանվերներով: Ի դեպ, հարկ է նշել որ այդ զարդապատկերները բացառիկ են, քանի որ հատուկ պատրաստվել են միայն այսօր պարգևատրվող զինվորների համար՝ սահմանափակ թվաքանակով:

 

Սուրբ Սարգիս եկեղեցուց Մաշտոցի ու Բաղրամյան պողոտաներով դեպի Սիրահարների այգի կազմակերպված խաչերթն այս տարի աննախադեպ մեծ շուքով անցկացվեց: Մեծ թվով հոգևոր այրեր, պաշտոնատար անձինք և երիտասարդներ մասնակցեցին խաչերթին, որն էլ ավարտվեց Սիրահարների այգում կազմակերպված միջոցառմամբ: Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ համերգի ընթացքում իրենց շնորհավորանքները ներկաներին հղեցին հայտնի երգիչ –երգչուհիները:

 

 

«Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով կյանքի է կոչում բազում ծրագրեր և տոնական միջոցառումներ: 2007 թ. մինչև այսօր Սուրբ Սարգսի տոնակատարություններն իրականանում են Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: