Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։ Ընդունված կարգի համաձայն` այս օրը, եկեղեցիներում մատուցվող պատարագին ընտրվում է Սուրբ Ծննդյան կնքահայր, որը խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, ով մկրտեց Հիսուս Քրիստոսին:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ևս մատուցվեց պատարագ։ Օրվա պատարագիչն էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և ներկա հավատացյալներին փոխանցեց Սուրբ Ծննդյան պատգամն ու օրհնությունը։

 
Կատարվեց ջրօրհներքի կարգը, այնուհետև հավատացյալներին ներկայացվեց խաչքավորը։ Այս տարի Խաչքավոր ընտրվեց եկեղեցուն և համայնքին հոգեհարազատ քաղաքացի, գործարար Հակոբ Մանուկյանը, ով մեծ ուրախությամբ ընդունեց Տիրոջ նախախնամությունը։
 
Խաչն իջեցվեց ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա, ջուրն օրհնվեց Սուրբ Խաչով և Մյուռոնով, այնուհետև տարվա խաչքավորը՝ Հակոբ Մանուկյանը, խաչը ջրից հանելով տարավ տուն: Արդեն, Սուրբ Ծննդյան ութօրեքի վերջին օրը՝ հունվարի 13-ին, քահանան կայցելի խաչքավորի տուն, կօրհնի տունը և խաչը կվերադարձնի եկեղեցի: 
 
Խորհդավոր, հայկական ու ազգային է քավորի խորհուրդը հայ եկեղեցում և ընտանիքում ու անշուշտ, այս  կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի և մարդկանց նկատմամբ:  Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել մյուսներին: Խաչքավորը պարտավորվում է մի ամբողջ տարի լինել հոգևոր հովվի կողքին և կյանքի կոչել նրա կողմից նախաձեռնած յուրաքանչյուր եկեղեցաշեն ծրագիր: Տվյալ դեպքում՝ այս պատվարժան կոչմանն արժանացավ Մանուկյանների ընտանիքը: