Ապրիլի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում անցկացվեց գրաբարի երկրորդ օլիմպիադան, որին մասնակցում էին շուրջ 70 պատանիներ՝ Երևանի պետական ու մասնավոր 26 դպրոցների 8-12-րդ դասարանցիներ։ Գիտելիքների քննությունն անցել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Օլիմպիադան մաս է կազմում Արարատյան հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի, որն իրականացվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ։
Այսօր արդեն Արարատյան հայրապետական թեմում տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը մասնակցում էին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լևոն Սարգսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ։
Նավասարդ Կճոյանը Քաղաքապետարանին, ԿԳ նախարարությանը, դպրոցների տնօրեններին պարգևատրեց շնորհակալագրերով՝ ծրագրին աջակցության համար։ Օլիմպիադայի առաջին և երկրորդ հորիզոնականը զբաղցրած մասնակիցները արժանացան «Փյունիկ» հիմնադրամի կողմից մեծ մրցանակի՝ համակարգչի, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը պարգևատրվեց պլանշետով։ Միջոցառման ժամանակ աշակերտները գրաբարով հետաքրքիր մեջբերումներ արեցին, հանելուկներ ասացին, իսկ գուշակողները ստացան նվերներ։
Ընդհանուր առմամբ՝ թե ուսուցիչները, թե աշակերտները բավական ոգևորված էին, անգամ երեխաներ կային միմյանց հետ գրաբարով էին շփվում։ Նշենք, որ գրաբարը հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր առարկա դասավանդվում է շաբաթական մեկ անգամ։
Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանան ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում պլանավորում են օլիմպիադան իրականացնել նաև մարզերում, քանի որ գրաբարի նկատմամբ ոգևորվածությունը և հետաքրքրությունը ներկա սերնդի մոտ բավական մեծ է։
Քրիստինա Աղալարյան