ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքի առկայության, ինչպես նաև այդ երկրներում երկու ժողովրդի ցուցաբերած աջակցության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել:
Երևանում ու Բաքվում քննարկված թեմաների մասին պատմելիս, Ուորլիքը նշել է, որ խոսվել է երկու երկրների նախագահների հանդիպման մասին. «Երկու նախագահներն էլ ասացին, որ ցանկանում են հանդիպել, նրանք համաձայն են ինտենսիվացնել երկխոսությունը, և մենք պետք է օգնենք նրանց այդ հարցում: Այնպես անել, որ հաջորդ հանդիպումն արդյունավետ լինի»:
Խոսելով այն մասին, թե արդյոք կողմերը մո՞տ են հակամարտության կարգավորմանը, Ուորլիքն ասել է, որ խաղաղ կարգավորման հնարավորություն բանակցային գործընթացի ընթացքում եղել է մի քանի անգամ և ափսոսանք է հայտնել, որ այդ հնարավորությունները չեն օգտագործվել:
«Նոր հնարավորություն կա նաև հիմա, և այն պետք է օգտագործել: Քաղաքական կամքի առկայության դեպքում հակամարտությունը լուծելի է: Դրա այլընտրանքը պատերազմը կլիներ, սակայն չեմ կարծում, որ ազգերը դա կցանկանան: Ես շատ եմ շփվել նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ, և կարող եմ ասել, որ նրանք պատերազմ չեն ուզում, խաղաղ կարգավորում են ուզում, և ահա, թե ինչու ենք մենք նրանց օգնում»,- ասել է նա։