Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է մտնի նոր փուլ' զգալի առաջընթացի հասնելու համար: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյքս Ուորլիքը:

 

Նրա խոսքով' Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է ընդունեն Ֆրանսիայի նախագան Ֆրանսուա Օլանդի հրավերը և հանդիպեն Փարիզում: «Մեր նպատակը խաղաղ պայմանագրի ստորագրումն է: Մենք պետք է նոր փուլ մտնենք»,- ասել է նա:

 

Ուորլիքն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կարևորությունը և հույս հայտնել, որ դա տեղի կունենա մոտ ժամանակում:

 

Ամերիկացի համանախագահի խոսքով' բանակցություններն ընթանում են արդեն 20 տարի և, եկել է ժամանակը, որպեսզի նախագահները կարևոր քայլ նախաձեռնեն խաղաղություն հաստատելու համար: Նա ընդգծել է, որ երկու նախագահները պատրաստ են այդ քայլին:

 

«Մարդիկ հոգնել են պատերազմից: Ծախսվում են հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, հակամարտությունը թանկ է նստում տարածաշրջանի վրա»,- նշել է Ուորլիքը:

 

Նա նաև անհանգստություն է հայտնել շփման գծում լարվածության առնչությամբ: «Դա վտանգավոր է, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա»,- ասել է դեսպանը: Նա նաև հավելել է, որ «ԱՄՆ-ը կողմնակից է ԵԱՀԿ շրջանակում Մինսկի խմբի աշխատանքին, բայց նաև պատրաստ է ուժերը ներածի չափով օգնություն ցուցաբերել երկկողմանի ձևաչափում աշխատանքների միջոցով»: