ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Այս մասին «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով նախագահների հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին: «Երկու նախագահներն էլ մեզ ասել են, որ իրենք ցանկանում են արագացնել բանակցությունները, և մենք դա ողջունում ենք: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում մենք երկու արտգործնախարարներին կհանդիպենք և կնախապատրաստենք այս տարվա վերջում նախագահների հանդիպումը: Այնպես որ, մենք պատրաստվում ենք արտգործնախարարների հետ մանրամասներ քննարկել և աշխատել նախագահների սպասվող հանդիպման օրակարգի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ուորլիքը:

 

Նա ընդգծել է, որ հանդիպման վերաբերյալ մանրամասներին դեռ չեն տիրապետում, ինչի համար էլ ցանկանում են խոսել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ նախագահների հանդիպման տեղն ու ժամկետները որոշելու հարցի շուրջ: «Ինչպես գիտեք, նրանք հանդիպել էին մի քանի տարվա դադարից հետո Վիեննայում, որտեղ շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ. երկու առաջնորդների առանձնազրույցը մեկ եւ կես ժամից ավելի տեւեց: Դրանից հետո նրանք հանդիպեցին Սոչիում, ինչպես նաեւ՝ Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ նախորդ տարվա վերջին նրանք հանդիպեցին Փարիզում: Այժմ ժամանակն է շարունակել հանդիպումները: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում նրանք որոշակի առաջընթաց են գրանցել: Մենք ականատեսն ենք եղել որոշ առաջընթացի։ Ամեն ինչը չէ համաձայնեցված, անշուշտ, սակայն դա եւս մեկ հիմնավորում է, որպեսզի նրանց հանդիպումը կազմակերպենք»,- ասել է Ուորլիքը:

 

Անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարված իրավիճակին՝ Ուորլիքը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ: «Մենք շատ մտահոգված ենք վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք իրոք սաստկացան տարվա սկզբին: Փաստորեն, հունվարը հրադադարի հաստատումից ի վեր ամենամահացու ամիսն էր: Բարեբախտաբար դրան հաջորդեց որոշակի խաղաղություն, բայց հիմա տեսնում ենք, որ լարվածությունը վերադառնում է»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

 

Նա ընդգծել է, որ երբ ինքը համանախագահ էր նշանակվել, շփման գծում հիմնական վտանգը ներկայացնում էին դիպուկահարները՝ նկատելով, որ մարտավարությունն արդեն փոխվել է: «Այժմ հարձակումներ են տեղի ունենում, ականանետեր և այլ ծանր հրետանի է օգտագործվում: Ցավալի է, բայց այդ ամենի արդյունքում քաղաքացիական անձինք են տուժում, ինչն անընդունելի է: Մենք պնդում ենք, որ կողմերն անեն ամեն ինչ՝ նման կորուստներից խուսափելու համար: Այս կապակցությամբ, կարևոր է, որպեսզի մենք վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատենք»,- նշել է Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը, ինչի համար քաղաքական կամք պետք է դրսևորեն հակամարտող երկրների առաջնորդները:

 

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար առաջնահերթություն է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հավելելով, որ հարկավոր է հարգել զինադադարի պայմանագիրը: Ուորլիքի խոսքով՝ առանց զինադադարը հարգելու շատ բարդ է առաջընթաց արձանագրել բանակցություններում: