Ֆինլանդիան Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին թույլ չի տվել ժամանել երկիր՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ այդ որոշումն ընդունվել է Նարիշկինին Եվրամիության պատժիչ ցուցակում ներառելու կապակցությամբ:

 

 

Գերատեսչությունում հավելել են, որ, Նարիշկինից բացի, արգելված է Ռուսաստանի պատվիրակության ևս մի քանի անդամների մուտքը: ԱԳՆ-ում չեն ճշտել նրանց անունները և միայն ասել են, որ խոսքը Ռուսաստանի վեց քաղաքացիների մասին է: ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը հուլիսի 5-ից մինչև 9-ը պետք է տեղի ունենա Հելսինկիում: Նստաշրջանում ընտրելու են վեհաժողովի նոր նախագահին, որը կփոխարինի ֆինն Իլկա Կաներվային: Նարիշկինը պետք է գլխավորեր Ռուսաստանի պատվիրակությունը:

 

 

Եվրամիության կողմից Նարիշկինի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 2014 թվականին՝ Ղրիմը ՌԴ-ի կազմ ընդունելու Ռուսաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ: Քաղաքական գործչին արգելել են մտնել ԵՄ-ի տարածք, իսկ նրա բոլոր եվրոպական ակտիվները դրանց առկայության դեպքում պետք է սառեցվեն: