Ստամբուլում մոտ 200 մարդ հարձակում է գործել է Թաիլանդի հյուպատոսության շենքի վրա՝ քարերով և փայտերով ջարդելով լուսամուտներն ու դռները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ամբոխն այդ քայլին է դիմել բողոքելով, որ իրենց պնդմամբ' հյուպատոսությունը պատրաստվում է Չինաստանին հանձնել այնտեղ պատսպարած ույղուր թուրքերին:
Գազազած ամբոխը իջեցրել է նաև շենքի մուտքին ամրացված Թաիլանդի դրոշը: Նրանք պարզել են «Կեցցե անկախ Արևելյան Թուրքեստանը», «Թուրքիա, տեր կանգնիր եղբորդ» բովանդակությամբ պաստառներ: Շենք ներխուժած մի խումբ մարդիկ ջարդել-փշրել են նաև սենյակների իրերը:
Ծայրահեղ ազգայնական տրամադրված ամբոխը կազմակերպած ավերից հետո նամազ է արել: Միջադեպի վայր հասած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրանցից 9-ին, իսկ մնացածներին հեռացրել հյուպատոսության շենքի մոտից:
Անկարան արհեստականորեն գրգռում է թուրքերին' սուտ լուրեր տարածելով, թե իբր Չինաստանի իշխանությունները թույլ չեն տալիս Ույղուրական ինքնավար մարզում բնակվող մուսուլմաններին Ռամադան տոնի հետ կապված նամազ անել մզկիթներում և պաս պահել: Չինաստանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարել էր, որ երկրում պաշտպանվում է բոլոր փոքրամասնությունների սահմանադրությամբ նախատեսված կրոնական իրավունքները:
Հետաքրքիր է, որ չնայած թուրքերը Չինաստանում բնակվող ույղուրներին համարում են իրենց եղբայրակիցները, սակայն, ույղուրներն իրենք իրենց համարում են մահմեդականություն ընդունած չինացիներ: