Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Անկարայի կենտրոնակայանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ԺՀԿ գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը լրագրողներին հայտնել է, որ երեկ երեկոյան ԺՀԿ շենքի մոտով անցնելիս անհայտ համարանիշերով ավտոմեքենայից 5 գնդակ է արձակվել:
«Սեւ գույնի մի ավտոմեքենայի հետնամասից ինչ-որ մեկը մոտ ժամը 19:15-ին բացել է լուսամուտը եւ 5 կրակոց արձակել: Սա շարքային իրադարձություն չէ: Արվել է խորհրդարանական ընտրություններից առաջ մեզ լռեցնելու համար: Նման հարձակումները մեզ չեն կարող վախեցնել: Չնչին անգամ հետ քայլ չենք կատարելու», -ասել է նա:
Իրադարձությանն արած արձագանքում ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ ասել է. «Նման բաներով մեզ վախեցնել հնարավոր չէ: Մենք ուժեղ ենք, պաշտպանում ենք ժողովրդավարությունը, եւ պատրաստ ենք փոխհատուցել դրա համար»:
Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը լարվել է կապված ոչ միայն Սիրիայում ընթացող զարգացումների, այլ նաեւ նոյեմբերի 1-ին այդ երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: