Հայաստանի հասարակությունը վերջին 25 տարվա ընթացքում հասել է զարգացման բարձր մակարդակի՝ իր դրսևորումներով զարմացնելով ամբողջ աշխարհին: Լրագրողների հետ հուլիսի 9-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: «Ես հիշում եմ 1988 թվականի իրադարձությունները, երբ հասարակությունն իր գիտակցական մակարդակով շատ ավելի բարձր էր իշխանություններից, որն իր հնաոճ մեթոդներով չէր կարողանում հասկանալ և համագործակցել ժողովրդի հետ: Եվրոպական երկրներում գրեթե բոլոր բողոքի ցույցերի ընթացքում նրանք ջարդում-փշրում են շրջապատող ամեն ինչ, իսկ մեր երիտասարդությունը իր ուժերով մաքրում էր Բաղրամյան պողոտան, ինչը «կաթվածար» էր անում Արևմուտքին, որը սովոր չէ նման քաղաքակիրթ բողոքի ցույցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նա:
Անդրադառնալով Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի հացադուլին (նա սպառնում է չդադարեցնել հացադուլը՝ մինչև ժողովուրդը չգա և չմիանա իրեն Ազատության հրապարակում) ասաց հետևյալը. «Ես դեմ եմ ինչպես քաղաքական, այնպես էլ քրեակատարողական հաստատություններում անցկացվող հացադուլներին: Իմ գործունեության ընթացքում ես բազմաթիվ անգամ համոզել եմ մարդկանց դադարեցնել հացադուլը: Դավիթ Սանասարյանը եղել է իմ օգնականը, ում մասին ես կարող եմ միայն դրական կարծիք հայտնել, բայց նման գործողությունները չաշխատող գործիք են, քանի որ անլուրջ վերաբերմունք կա հացադուլի երևույթին թե՛ հասարակության շրջանում, թե՛ քաղաքական գործիչների մոտ»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը: