Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց կներկայացնի Կարսում «հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ազգայնականի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Փայլանը մեջլիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ հանրապետական դատախազությունն ատելություն սերմանող հայտարարություններին արձագանքելու փոխարեն որևէ քայլ չի ձեռնարկել: «Անպատիժ մնացած ցանկացած ատելություն պարունակող խոսք դրա կողմից թիրախավորված մարդկանց գցում է «աղավնու անհանգստության մեջ» և հող նախապատրաստում ատելության վրա հիմնված հանցագործությունների համար»,- ասել է հայ պատգամավորը՝ հայտարարելով, որ դատական գործ է հարուցելու Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի նախագահ Թոլգա Ադըգյուզելի դեմ: