Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը դրական է գնահատում Սահմանադրության նոր նախագծի նախնական տարբերակը, որում նա նկատում է մի շարք կարևոր առանձնահատկություններ և նորություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը ներկայացրեց այդ առանձնահատկությունները և իր համար ընդունելի նորությունները:
«Սահմանադրության նոր նախագծով փորձ է արվում առաջին անգամ հստակեցնել հանրային իշխանության պատասխանատու դերակատարումը հանրային կյանքում: Այսինքն, եթե մենք նախկինում խոսում էինք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին և ասում էինք, որ պետությունը կաշկանդված է դրանցով, այսօր մենք արդեն արձանագրում ենք, որ մարդու իրավունքներով և հիմնարար ազատություններով կաշկանդված է հանրային իշխանությունը: Այսինքն, ոչ թե վերացական պետությունը, այլ իշխանությունը: Սա շատ կարևոր դևույթ է, որ ամրագրված է նախագծի նախնական տարբերակում& raquo;,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ նախագծի հենց առաջին գլխում ամրագրվում է, որ իշխանությունը պարտավորություն է, ինչը ևս շատ կարևոր առանձնահատկություն է: «Համաձայնեք, որ մեզանում շատ տարածված է ասել, որ իշխանությունն առաջին հերթին իրավունք է, մինչդեռ իրականում իշխանությունը հանրային կյանքի կազմակերպման հարցում ժողովրդի առջև ուղղակի պարտավորություն է, ապա նոր այդ պարտավորության ադեկվատ իրականացման լիազորություն կամ իրավունք: Սա նույնպես շատ կարևոր թեզ է»,- ընդգծեց Հարությունյանը:
Պատգամավորը կարևորում է նաև նախագծում սոցիալական պետություն հասկացության հետ կապված մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ շատերի մոտ սոցիալական պետությունն ասոցացվում է սոցիալիստական պետություն հասկացության հետ, և սոցիալական պետությանը վերագրվում է հիմնականում սոցիալական աջակցության ապահովման թեզը, մինչդեռ աշխարհում շատ երկրներ իրենց չեն հռչակում սոցիալական պետություն, սակայն դա չի նշանակում, որ նրանք հրաժարվում են սոցիալական աջակցության պետական քաղաքականությունից: «Սոցիալական պետության առանձնահատկությունը Սահմանադրության նոր նախագծով շատ էական է: Այն է՝ այդ պետության հիմքում ընկնելու է սոցիալական, շուկայական տնտեսական համակարգը՝ ազատ մրցակցություն և ապրանքների և ծառայությունների առաջարկ-պահանջարկի արդյունավետ գնագոյացում: Սա էլ շատ էական է: Ընդ որում, պետք է նշել, որ սրա գլխավոր պատասխանատուն էլ հանրային իշխանությունն է»,- ասաց պատգամավորը:
Խոսրով Հարությունյանը Սահմանադրության նոր նախագծում նաև որոշակի նորություններ է նկատել: «Մասնավորապես, նորություն է այն, որ պետական կառավարման համակարգում առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում ավելի երաշխավորել իշխանությունների տարանջատման սկզբունքը: Բանն այն է, որ մարդկության պատմությունը, միջազգային փորձն աներկբա փաստում է, որ այն հասարակությունները, որտեղ հաջողվել է արդյունավետ իրացնել իշխանությունների տարանջատման սկզբունքը, նրանք արձանագրել են սոցիալական և տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշները: Դրանք արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներն են»,- ընդգծց պատգամավորը:
Նա նկատում է նաև, որ նոր նախագծով պետական կառավարման համակարգի խորհրդարանական մոդելին անցումը մեծացնում է կուսակցությունների պատասխանատվությունը հանրության նկատմամբ: Նրա խոսքով՝ այս դեպքում արդեն հարկավոր կլինի լուրջ ուշադրություն դարձնել կուսակցական ժողովրդավարությանը, քանի որ, չունենալով ներքին ժողովրդավարություն, չի կարող կուսակցությունը հանրային կյանքում ժողովրդավարական գաղափարներ քարոզել: «Կարևոր նշանակություն ունի այն, որ նոր նախագծով կառավարության կազմում առանձնանում են ոչ միայն վարչապետն ու նախարարները, այլ նաև փ ոխվարչապետերը: Սա հենց այն դրույթներից մեկն է, որ մենք առաջարկել էինք, և որը տեղ է գտել Սահմանադրության նախագծում: Շատ էական եմ համարում այն հանգամանքը, որ Ազգային ժողովը կառավարության գործունեությունը վերահսկելու և դրա վրա ազդելու լուրջ լծակներ է ստանալու, ինչը բնորոշ է ժողովրդավարական համակարգին»,- ընդգծեց Հարությունայնը:
Պատգամավորը նորություն է համարում այն, որ եթե գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել կառավարությանն ամբողջությամբ, ապա առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է տրվում անվստահություն հայտնել կառավարության առանձին անդամների:
Նա չհամաձայնեց հնչող տեսակետների հետ, թե պատերազմական իրավիճակում գտնվող երկրների համար խորհրդարանական համակարգը ռիսկային է՝ բերելով Իսրայելի օրինակը: Պատգամավորը նշեց, որ պատերազմական կամ ռազմական սպառնալիքի պայմաններում կարևոր է սահմանադրականորեն քաղաքական ադեկվատ որոշումներ կայացնելու ինստիտուտների առկայությունը: